Էրդողանի անսպասելի հայտարարությունը Ղարաբաղի հարցով

«Թեև ուշ, բայց, այնուամենայնիվ, 30 տարի անց Լեռնային Ղարաբաղում հաղթանակել է արդարությունը և տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը»,- այս մասին Բրյուսելում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությանը փոխարինելու են եկել բարգավաճումն ու մշտական խաղաղությունը․

«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ այդ գործընթացները, որոնց մենք աջակցում ենք մեր երկրի սահմաններից դուրս, ակտիվ աջակցություն ստանան նաև դաշինքի կողմից»:

Շուշիի այցելութամբ Էրդողանը դիմում է մի ռիսկի, որը թանկ կարող է նստել իր երկրի համար: Եթե Հայաստանի իշխանությունը կյանքի նշաններ ցուցաբերի, ապա Երեւանի դրությունը միջազգային ասպարեզում էապես փոխվելու է

Էրդողանի ներխուժումը 1921-ի «հետմոսկովյան» տարածքի խորքը ունակ է փոխել իրադրությունը Մոսկվա-Անկարա առանցքի վրա, եթե Երեւանը չլռի, անշուշտ: Պաշտոնական Երեւանի նույնիսկ ամենաանտեղյակ շրջանակների համար հայկական Շուշին «ոչ հայկական» Ակնան չէ:

Նախընտրական իրավիճակում Մոսկվան ստիպված է լինելու մանեւրել, եթե վերջերս Արեւմուտքին դիմած Երեւանը քայլ անի: Նոյեմբեր 9-ից ի վեր կարծր դրությունը, այլ կերպ ասած status quo-ն, շարժունություն է դրսեւորելու:

Հիշենք, որ Ակնայում թուրքական հետախուզական կենտրոնին խոչընդոտելու համար նախագահ Պուտինը ստիպված էր անգամ «անցյալ դարում հայկական ողբերգությունը» հիշատակել: Հիմա խաղը նորից «բացվելու» միտում ունի:

Իրադրությունը մոտենում է «Ցյուրիխյան» խաչմերուկին՝ Հայաստանի համար համեմատաբար նպաստավոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայով: Հակառակ 2020-ի պատերազմական տապալված կամպանիային, Էրդողանի «շնորհիվ» իրադրությունը Հայաստանին դարձյալ հնարավորություն է ընձեռում միջազգային խաղի մեջ մտնել: Շարունակ պիտի ասենք «եթե»: Եթե ֆուտբոլի գնդակի դերը ամենաբաղձալին չէ իրար արժեցող վերնախավերի համար:

Արցախի չճանաչումը, իսկ հիմա Կարս-Արարատ-Նախիջեւանի օկուպացիայի հանգամանքի անտեսումը հայկական ավանդական անհեռատեսության հերթական դրսեւորումն է լինելու: Վրաստանի սիստեմատիկ հարձակումները բոլշեւիկների պարտադրած Կարսի պայմանագրի վրա ավարտվելու են նրանով, որ հայկական Արարատը «երկրորդ անգամ» է վաճառվելու Բաթումի եւ Աջարիստանի հարավի դիմաց, այս անգամ Արեւմուտքի օրհնությամբ:

Արցախի վիճակը նկատի ունենալով, եթե ՀՀ կառավարությունը շարունակի իր նիրհը ապիի իշուկի ականջում, կոտրած տաշտակը շատ ավելի կոտրած է լինելու, քան 1921-ին: Անտեսել Էրդողանի քայլը օկուպացված շրջան՝ այն չնկատելու տալ, չի ստացվի:

ՀՀ դիվանագիտությունը պիտի անհապաղ միանա շրջանային վերաձեւումների պրոցեսին: Էրդողանի այցը Շուշի որքան խոստումնալից, այնքան էլ ծանր կարող է դառնալ Հայաստանի համար: Ընդ որում, առավել աննպաստը անմեղսունակ ձեւանալու տարբերակն է: Ընտրությունը բացառապես Հայաստանինն է:

Ezerk .am

Կիսվի՛ր այս նյութով՝

(Visited 130 times, 1 visits today)